Ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել․ Աշոտ Ահարոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Էրեբունի պլազա» հյուրանոցում այսօր կրակոցներ արձակած անձին առանց ձեռնաշղթաների ոստիկանություն տեղափոխելու հանգամանքին։

«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:

Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:
Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաև ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:

Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ:
Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից», - գրել է նա։