2019-ին արձանագրվել է մաքսային իրավախախտման 202 դեպք, 70 %-ը՝ թմրանյութերի հետ կապված․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

թմրանյութ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն 2019 թ. ընթացքում արձանագրել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը (70%-ը):

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019թ. հայտնաբերել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: Մասնավորապես՝

1. Կանխվել է Հայաստանի տարածքով Իրանից Կանադա սուրհանդակային առաքման միջոցով գրեթե 5 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձը: Մաքսանենգներն օգտագործել են թմրանյութը թաքցնելու բավականին հետաքրքիր եղանակ. ափիոնը ներծծված էր պարսկական ազգային հագուստների ներքին հատվածում առկա թաղիքների մեջ: Ընդ որում, ափիոնի հետ մաքսանենգները խառնել էին նաև որոշակի քանակի սուրճ, որպեսզի էլ ավելի դժվարացնեին հատուկ վարժեցված ծառայողական շների կողմից թմրանյութի հայտնաբերումը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Իրանի 2 քաղաքացիներ: Հատկանշական է, որ նրանց ձերբակալումից հետո տեղեկություններ  են ստացվել, որ  Հայաստանից ևս մեկ ծանրոց արդեն իսկ ուղարկվել էր, սակայն այս անգամ՝ Մեծ Բրիտանիա: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Լոնդոնի օդանավակայանում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստների պարունակությամբ ծանրոցը, այնուհետև իրավապահների կողմից ձերբակալվել են նաև դրա ստացողները:

2. Բացահայտվել է Իրանից Կանադա 5կգ ափիոնի տեղափոխման երկու այլ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում և «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Թմրանյութը թաքցված էր մետաղական դետալների մեջ:

3. 2019 թվականի ընթացքում բացահայտվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքով 7,7 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ փոխադրման 2 դեպք՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Մեկ դեպքով՝ Իրանի քաղաքացիներ հանդիսացող ամուսինների ճամպրուկում հայտնաբերվել է 2,7 կգ մեթամֆետամին՝ պինդ վիճակում: Թմրանյութը մաքսային հսկողությունից թաքցվել էր ճամպրուկի ստորին մասի տեսք տալու միջոցով: 2-րդ դեպքով՝ շուրջ 5կգ քաշով մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվել է Իրանի քաղաքացու ճամպրուկում՝ կառուցվածքի պատերի մեջ:

4.  Մեկ այլ դեպքով էլ իրանցի կնոջ ճամպրուկի կրկնակի հատակին հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի մոտ 3կգ խմբաքանակ: Սա Հայաստանում առաջին դեպքն էր, որ  հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի այսպիսի խմբաքանակ:

Այս դեպքերով թմրանյութերի վերջնական ստացման վայրը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն էին: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»: Այս երթուղով Հայաստանի տարածքով հերոինի փոխադրման կանխման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում՝ Վրաստանի իրավապահ մարմինների և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ:

Իսկ հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ:

1. Փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք է բացահայտվել (թմրամիջոցների դեպքերի 60%-ը ), որից 52-ն՝ ԱՄՆ-ից, 20-ը՝ Ֆրանսիայից, իսկ 13-ը՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Իսրայելից և Լեհաստանից: Դեպքերից մեկով՝ ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում հայտնաբերվել են նաև ՄԴՄԱ տեսակի թմրանյութ պարունակող 148 հատ դեղահաբեր, որոնք հանրությանը հայտնի են «Էքսթզի» անվանումով: Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ծանրոցի իրական հասցեատերը:

             2. 2019 թվականի ընթացքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների ներմուծման 35 դեպք` բոլորը «Ագարակ» պետական սահմանի անցման կետում (թմրամիջոցների դեպքերի 25 %-ը):  Հիմնականում ներմուծվել են ափիոն, մեթամֆետամին,  հաշիշ, հերոին, մեթադոն, տրամադոլ։ Ի դեպ, 35 դեպքից 20 դեպքում թմրանյութ փոխադրողներն Իրանի քաղաքացիներ են եղել, իսկ 15 դեպքում` Հայաստանի:

Հատկանշական է Իրանի քաղաքացու ուղեբեռում ավելի քան 1կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերումը, որոնք նախատեսված էին երևանյան գիշերային ակումբներից մեկում վաճառքի համար:

Համեմատության համար նշենք, որ եթե 2016-2018 թվականներին մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է հայկական շուկայի համար նախատեսված մեթամֆետամինի` Իրանից ներմուծման ընդամենը 1 դեպք, ապա միայն 2019թ. հայտնաբերվել է նման 10 դեպք, ինչը վկայում է մաքսային մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի, այդ թվում` Ոստիկանության և ԱԱԾ-ի հետ սերտ համագործակցության  մասին։

3. 2019թ. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 8 դեպք էլ բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանում:

4. Մեկ այլ դեպքով էլ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համագործակցության արդյունքում 2019թ. դեկտեմբերին «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետում հայտնաբերվել է «սուբուտեքս» տեսակի 516 հատ դեղահաբ՝ խառնված կոնֆետների հետ, որոնք եղել են Ռուսաստանից ժամանած մարդատար տրանսպորտային միջոցում:

2019թ. վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև  կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես` ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտներով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում՝ ռազմամթերք հանդիսացող 20  փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ  Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված՝ 100.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574  բջջային հեռախոս, ավելի քան 5կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից սկսվել է 56 վարչական վարույթ:

2019թ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հայտնաբերվել է մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելու 4 դեպք:

2019թ. վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: Սակայն ինչպես բազմիցս նշվել է զանգվածային լրատվության միջոցներով, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց:

ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շնագիտական կենտրոնը: 2019թ. ընթացքում կենտրոնի շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների հետ միասին 20 դեպքով հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում` հերոին, ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա, հաշիշ և բուպրենորֆին տեսակի: Այս ցուցանիշը աննախադեպ է շնագիտական կենտրոնի հայտնաբերումների պատմության մեջ։ Օրինակ՝ 2018թ. համեմատ՝ նախորդ տարի շնագիտական կենտրոնի բացահայտումների աճը կազմել է 216% (2018թ. հայտնաբերվել է 6 դեպք): Հատկանշական է, որ ՊԵԿ Շնագիտական կենտրոնի և Ոստիկանության համագործակցության շրջանակում Երևանում իրականացված մի քանի ավտոտնակների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է սնդիկ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ 2019թ. Շնագիտական բաժնի աշխատակիցները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ի դեպ, ամռանը Մոսկվայում տեղի ունեցած մասնագիտացված ծառայողական շների միջև բազմամարտի մրցումներին մեր ծառայողական շունը գրավել է 2-րդ հորիզոնականը։

2019թ. ակտիվ է եղել իրավապահ մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ սերտ գործակցության արդյունքում 2020թ. նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր: Կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում 2020թ. կներդրվի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության  դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը» (այն ներդրված է աշխարհի 54 երկրում): Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ մասնակցել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ամենամյա անցկացվող «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» (Канал-Кавказский редут) տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությանը: