Արարատում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել և դանակահարել 34-ամյա տղամարդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դանակ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2020թ. հունվարի 4-ին՝ ժամը 20.30-ին, «Արտաշատ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1970թ.:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1985թ.:

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով իրականացված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի այլ հանգամանքներ ևս:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերել նաև այն մասին, որ վերոհիշյալ միջադեպի ընթացքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա տղամարդուն, ում մարմնի տարբեր մասերին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որոնց մի մասը նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

Նախաքննության ընթացքում պարզվել է 34-ամյա տղամարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառած անձանց շրջանակը, որոնցից մեկը տուժող 49-ամյա տղամարդն է, իսկ մյուս երեքը նույն մարզի բնակիչներ են՝ ծնված 1977թ., 1990թ. և 1994թ., վերջիններս  հայտնաբերվել են, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել` 34-ամյա համագյուղացու առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: