«Էրեբունի պլազա»-ում կրակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել էր ցուցմունք տալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Երեկ նա հրաժարվել է ցուցմունք տալ և պահանջել է պաշտպան: Նա ասել էր, որ կխոսի միայն պաշտպանի ներկայությամբ: Փաստաբանների պալատը պետք է նրան հանրային պաշտպան տրամադրի: Դեռևս այլ մանրամասներ հայտնի չեն»,- նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: 33-ամյա տղամարդը ձերբակալված է:

«Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը)  2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: