Պռոշյանում վթարից տուժածները ծնունդից էին գալիս․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են, կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար1

Հունվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմանում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Օշական ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա ծառին, կոտրել այն և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել առևտրի կրպակի պատին և 1 մետր բարձրությունից կողաշրջվելով հայտնվել է այգում։ Վաթրի մասին, ԱԻՆ-ից բացի, հայտնում է նաև shamshyan.com-ը։

Վարորդին և նրա ուղևորներ՝ համագյուցիներ, 36-ամյա Նարինե Գևորգյանին, 15-ամյա Մեսրոպ Գևորգյանին, 11-ամյա Հեղինե Գևորգյանին և 35-ամյա Սարգիս Ոսկանյանին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, որից հետո ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է՝ մի մասին՝ «Աշտարակ», մի մասին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչենրը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ճանապարհին վարորդ Ռ. Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու ուղևորներն ազգականներ են և Օշական էին վերադառնում ծննդյան արարողությունից։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով վերամբարձ կռունկով դուրս է բերվել նշված վայրից և տեղափոխվել ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ավելի վաղ ԱԻՆ-ը ևս հայտնել էր վթարի մասին՝ նշելով, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է: