Եղունարք գետում «Իշխանների» անկման պատճառը գետում լցված կասկածելի նյութերն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

հասարակական

Երեկ՝ հունվարի 24-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Էդգար Կյուրեղայնի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 186 հոդվածի 2-րդ մասի (ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված քրգործը հարուցվել է հունվարի 16-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում և Եղունակ գետում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկների անկման փաստով։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի եզրակացությունը, որին դիմել էր հետաքննիչը՝ պարզելու համար՝ արդյո՞ք գետում արտաքին միջամտություն եղել է։ Տեսչական մարմինը պատասխանել է, որ՝ այո, եղել է, և ներկայացրել իր տված եզրակացությունը, որում գրված է.

«Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից տրված ջրի նմուշառման ակտերի նմուշառումներում հայտնաբերվել են ամոնիակի և նիտրիտի մեծ քանակություն, որոնց սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է կախույթները և մակերևույթային ակտիվ նյութերը, ինչը հնարավոր է պատճառ հանդիսանա ձկների անկմանը»։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը հետաքննչական բաժանմունքից փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։ Մնում է՝ իրավապահները հայտնաբերեն այն աղբյուրը, որտեղից Եղունարք գետը կասկածելի հանգամանքներում թունավորել են, ինչի պատճառով մի քանի գյուղացիներ, ովքեր բանկերից վարկեր էին վերցրել ու ներդրել ձկնաբուծության մեջ, կրել են ահռելի նյութական վնաս, և եթե իրավապահները հայտնաբերեն մեղավորին, նա պետք է վերականգնի տուժած գյուղացիների վնասը։