Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար․Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News    

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրել է․

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար:

Նա այնքան է վախենում, որ անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով ՝հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է:

Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝

Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

1. Եղե՞լ է արդյոք Հայաստանում որևէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին:

2. Ո՞ւմ բանակցային ժառանգությունն է ամրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:

3. Ի՞նչ փաստաթղթի շուրջ է այսօր բանակցում Նիկոլ Փաշինյանը:

Թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա:

Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար:

Ինչպես ինքն է խոստովանել վերջերս մի նեղ շրջապատում, Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցություների ժամանակ իր անհեթեթ պահվածքը սվաղելու համար երբեմն ստիպված է ինքն իրեն գժի տեղ դնել (մեջբերումս բառացի է):

Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն:

Հ.Գ. Պոպուլիզմը կործանելու է Հայաստանն ու Արցախը»: