Չի լուծվելու Ամուլսարի հարցը որևէ սցենարով, քանի որ այդ ճանապարհը փակված է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի՝ մեծ ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Լիդիանի» արբիտրաժային դատարան դիմելու որոշմանը՝ նշելով, որ ենթադրվում է, որ «Լիդիանը» կդիմի։

«Այսօր էլ եմ կոչ անում՝ բաց անել ճանապարհը, և համարում եմ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս։ Չի լուծվելու այդ հարցը որևէ սցենարով, քանի որ այդ ճանապարհը փակված է։ Չի՛ լուծվելու։ Այսինքնն՝ ինքը նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ 2018 թվականին էր․ ո՛չ էն կողմ, ո՛չ էս կողմ»,-ասել է Փաշինյանը։

Իսկ վարչապետը շահագրգռություն ունի՞, որ Ամուլսարի հանքը շահագործվի՝ և՛ այո, և՛ ոչ։

«Ես շարագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ։ Եթե Ամուլսարի հանքը շահագործվեր, մենք այս տարի կունենայինք ոչ թե 7․5, այլ ավելի մեծ տնտեսական աճ՝ հազարավոր աշխատատեղեր և այլ։ Բայց մյուս կողմից ոչ մի պարագայում չեմ համաձայնի, որ հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի և Ջերմուկի բնակիչների, և Հայաստանի բնապահպանությանն անվերականգնելի վնասներ տալու հաշվին»,-ասել է Փաշինյանը ու նշել, որ ոչ մի պարագայում թույլ չի տա, որ հանքը ի վնաս բնությանը աշխատի։

«Հիմա քանի որ էնտեղ ճանապարհը փակված է, մենք չենք կարող գալ եզրակացության՝ հիմա դա անդառնալի վնասներ պարունակո՞ղ է, թե՞՝ ոչ։ Եվ էս հարցը մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ ես համարում եմ այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից, և համարում եմ, որ այդ գործողությունները չեն բխում ՀՀ-ի շահերից»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ գործընթացի հետ կապված որոշակի կասկածներ ունի․ «Կասկածներ կան, որ այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի բորսայում բաներ տեղի ունենան, որպեսզի իրենք ձեռք բերեն էնտեղ գոյություն ունեցող բաժնետոմսերը։ Բայց իրենց էլ երազախափություն է սպասվում, որովհետև մենք էդպիսի զարգացումներ, էդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու»։

Վարչապետը նաև նշել է, որ կոշտ պատասխանատվության կենթարկվեն գործընթացում ներգրավված անձինք։