Շիրակի պետական համալսարանը չի լուծարվելու․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

«Շիրակի պետական համալսարանը չի գնալու լուծարման»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ Բուհն ունենալու է լավագույն  ճակատագիրը: Բուհի՝ 2 անգամ ռեկտոր չընտրելու գործընթացը նորմալ է, ինչը բնորոշ է հետհեղափոխական շատ պետությունների:

Անդրադառնալով բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Երվանդ Սերոբյանի  դեմ հարուցված քրեական գործերին՝ նախարարը վստահեցրեց, որ իր կողմից չկա հովանավորչություն, ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ․

«Զուտ աշխատանքային հարաբերություններ են, և դուք որևէ տեղ չեք տեսնի, որ նախարարի ու նախարարության գործունեության մեջ այլ հարաբերություններ կան, քան գործընկերայինները: Ես ուրախ եմ, որ ինձ վերագրում են այնպիսի մեծ բաներ, որոնք կարող են փոփոխություններ իրականացնել մարզի մակարդակով, բայց իմ լիազորությունները սահմանափակվում են բացառապես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտով»,-նշեց Արայիկ Հարությունյանը: 

Խոսելով կրթական հաստատություններում խնամի-բարեկամ սկզբունքի մասին նախարարը վստահեցրեց, որ իր նախարար լինելու ընթացքում չկա մի դեպք, որ իր բարեկամն իր նշանակմամբ գործի է անցել:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզի տարածքում գործող ոչ պետական բուհերի միավորմանը, նախարարը նշեց, որ նման խնդիր չկա: «Մասնավոր բուհերն իրենք պետք է որոշեն՝  ինչ կրթական ծառայություններ ու ինչ որակի են դա մատուցում: Մենք օրենք չենք ընդունելու բուհ փակելու, մենք կրթական համակարգի համար բարձր կրթական չափանիշներ ենք սահմանելու: Բուհերն իրենք են իրենց ճակատագիրը որոշելու՝ այդ չափանիշներին համապատասխան»: