Չեմ բացառում, որ ունեցել է հանձնարարություն՝ հանրության ուշադրությունը շեղելու․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Ղազինյան1

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կատարած արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:

«Այս երիտասարդը, իր բնույթով, տեսակով, էությամբ ու ստռուկտուռայով մարմնավորում է այսօրվա իշխանությունը, և արտացոլում է նրա արժեքային, գաղափարական եւ հոգեվիճակային նկարագիրը։

Նա նույն Նիկոլ Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության, անբարոյականության, ստի եւ կեղծիքի (վառ օրինակ հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակի անարգումը Հանրապետության հրապարակում)։

Նրանց համար բարոյականության նշաձող ու սահման չկա, ընտանիք ու սրբություն չկա, կտրորեն ու կանցնեն նրանց վրայով առանց աչք թարթելու։

Ավելի քան համոզված եմ, սույն թշվառը չէր ենթարկվի ոչ մի պատասխանատվության եւ կողջունվեր ու կխրախուսվեր բարձրագույն իշխանության կողմից, եթե չլիներ մեր հասարակության առողջ եւ գիտակից հատվածի կոշտ եւ միարժեք գնահատականը։ Չեմ բացառում նաեւ, որ նա ունեցել է հանձնարարություն դա անելու՝ հանրության ուշադրությունը իշխանության կոլափսից շեղելու համար։

Հ.Գ. Իշխանության մեջ գտնվող հատուկենտ նորմալ ու արժանապատիվ մարդիկ լուրջ մտահոգվելու եւ խորհելու պատճառ ունեն. մնան իշխանության հետ եւ կործանվեն, թե հրապարակավ հայտնեն իրենց անհամաձայնությունը եւ լքեն խորտակվող իշխանական նավը»:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել՝ խստորեն դատապարտելով ատելության խոսքի ցանկացած դրսևորում: