Էս գրիչը սիմվոլ ա. էդ մարդը չի կարող լինել ՍԴ նախագահ ու անդամ. Փաշինյանի ուղիղ եթերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հրայր Թովմասյանի գտնվելը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին ապօրինի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ Փաշինյանի՝ այն պահից, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր՝ իշխանությունը չի պատրաստվում իր արած կեղծիքները կոծկել, Թովմասյանը սկսել է քաղաքական դաշտում իր համար պաշտպանություն փնտրել։ 

«Այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր ու մեծ բացահայտումը` փաստացի, ապացուցված, անառարկելի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով»,- ասել է Փաշինյանը։ 

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի գրչին՝ Փաշինյանն ասել է, որ այն սիմվոլ է․
«Այս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում իրականում սիմվոլ է, որ մենք կարող էինք ՍԴ-ում անել այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսի ՍԴ նախագահ, ինչպիսին եղել է ՍԴ-ն իր ստեղծման առաջին օրվանից։ Սրա համար է կարևոր այդ դետալը»։ 

Նա հավելել է, թե հասկացել է այն, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան: 

Փաշինյանը շեշտել է, որ ամբողջ տեղեկատվությանը իր բոլոր մանրամասներով տիրապետում է երեք հոգի, որոնցից երկուսն այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև իշխանության և իր դեմ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից։