Ադրբեջանի պատվիրակության քիչ առաջ արված հայտարարությունները կատարյալ ապատեղեկատվություն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

միքայել-մելքումյան

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի անդրանիկ նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է կլիմայական փոփոխություններին՝ հընթացս հակադարձել  Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչն, նաև շնորհավորել ԵԽԽՎ նորընտիր նախագահին: Միքայել Մելքումյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.    

«Սիրելի' գործընկերներ,

Նախ և առաջ շնորհավորում եմ պարոն Ռիկ Դամսին՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Նաև ուզում եմ ասել, որ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի՝ քիչ առաջ արված հայտարարությունները կատարյալ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը։

Առ այսօր Ադրբեջանում քսենոֆոբիան չի հաղթահարվել։

Այսօր աշխարհում թերևս ամենակարևոր երկու համարժեք խնդիրներն են անվտանգության և գլոբալ տաքացման խնդիրները: Ես կանդրադառնամ երկրորդին՝ գլոբալ տաքացմանը:

Կյանքը և հատկապես տնտեսության անկառավարելի աճը ցույց տվեցին, որ պետությունները և համաշխարհային հասարակությունը նույնիսկ բավականին ուշացել   են հարցի արմատական լուծման համար: Եվ կա՞ արդյոք արմատական լուծման հնարավորություն:

Եթե աշխարհում յուրաքանչյուր տարի սկսում են շահագործել 80-100 քարածխահանք, աշխատող ջերմային էլեկտրակայան կամ այլ արդյունաբերական արտանետող ձեռնարկություններ, ապա ո՞րն է լուծման բանալին:

Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի արագ է լրանում ածխածնի արտանետումների թույլատրելի շեմը: Բայց քանի որ, ինչպես ասացի, դա անտեսվում է, ապա ըստ «Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի» հատուկ զեկույցի, եթե ցանկանում ենք կանխել ջերմաստիճանի մինչև 1.5 °C  բարձրացումը 67% հավանականությամբ, ապա 2018թ. հունվարի 1-ի դրությամբ մնացել էր ընդամենը CO2-ի արտանետման 420 գիգատոն ծավալ, իսկ այժմ՝ ավելի քիչ: Այժմ ավելի քիչ, որովհետև ամեն տարի արտանետվում է մոտ 45 գիգատոն CO2: Այսօրվա արտանետումների տեմպերով դրանց թույլատրելի շեմը կլրանա մոտ 8 տարվա ընթացքում:

Հիմա հիմնական մտահոգությունն այն է, թե ինչպես հաղթահարել այս խնդիրը, որի համար ստորագրվել է Փարիզի համաձայնագիրը:

Ի դեպ, հարցի լուծման բանալին աշխարհի զարգացած երկրների ձեռքում է, և հարյուր հազարավոր ձեռնարկություններ ապահովում են համաշխարհային արտանետումների 70%-ը, Մեծ քսանյակի երկրները՝ արտանետումների 80%-ը, իսկ աշխարհի ամենահարուստ բնակչության 10%-ն արտադրում է CO2-ի արտանետումների կեսը, ամենաաղքատների 50%-ը՝ ընդամենը 10%-ը: 

Մոտ ժամանակներս պետք է հրատապ ներդրումներ կատարել օդում այդ արտանետումների արդյունավետ կորզման համար: Այո, պետք է ստիպել, որպեսզի խոշոր արտանետող երկրներն այդ ֆինանսական միջոցները տրամադրեն գիտությանը՝ շատ կարճ ժամանակում ստեղծելու համար կորզիչ տեխնոլոգիաներ: Եվ դա ճիշտ կլինի, որ քննարկվի նաև մեր Վեհաժողովում, որպեսզի մենք ունենանք իրավունք, բայց նաև՝ պատասխանատվություն:

1°-ով կլիմայի տաքացումը հանգեցնում է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան: Մենք պետք է հասկանանք, որ CO2-ը մնալու է նաև հողի մեջ: Դա շատ ավելի դժվար է վնասազերծելը և կբերի անդառնալի կորուստների:

Հապաղելու ժամանակ այլևս չկա: Ավստրալիան ավերող հրդեհները դրա ակնհայտ ապացույցն էին: Հետևանքները ողբերգական են՝ տասնյակ մահեր, հարյուրավոր ավերված տներ, շուրջ 1 մլրդ ոչնչացած կենդանիներ և հրի մատնված 8 մլն հեկտար, ինչը Դանիայի կամ Նիդեռլանդների տարածքից մեծ է:  Աղետալի շղթան լրացնում է ծարավի մատնված 10 000 ուղտեր ոչնչացնելու Ավստրալիայի իշխանությունների որոշումը՝ հրդեհը մարելու համար ջուր խնայելու, ինչպես նաև՝ արոտավայրերն ու մարդկանց բնակավայրերը պաշտպանելու պատճառաբանությամբ:

Աշխարհը պետք է գիտակցի՝ հարցը չլուծելով մեր սերունդներին դատապարտում ենք դանդաղ մահվան»: