Դա լկտի սուտ է․ բժիշկ Ցոլակ Հակոբյանը՝ վարչաապետի՝ նևրոտիկ խանգարման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Ցոլակյան

Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանը հերքում է ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, և ինքը երկրի ղեկավարի բուժող բժիշկն է:  

«Այս պահին գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունից դուրս, և պատահաբար համացանցում կարդացի այս սուտ լուրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ինձ անձամբ կամ իմ կլինիկա որևէ հարցով երբևէ չեն դիմել։ Այն, ինչ տարածվել է համացանցում, կեղծ լուրեր են, դա լկտի սուտ է, ինչ-որ բորբոքված ուղեղի կամ ուղեղների հիվանդագին ֆանտազիա, և իրականությանը չհամապատասխանող զառանցանքային ենթադրություն է», - գրել է Ցոլակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում: 

Ավելի վաղ «Новые Ведомости» գործակալության կայքէջում հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակի մասին հոդված, որում նշվում էր, որ վարչապետը սուր նևրոտիկ խանգարում ունի։

Աղբյուրը նաև նշում է, որ նրան բուժող բժիշկը Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն է:

Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ նևրաստենիայի ախտորոշում ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին նյարդային լարվածությունը հանող դեղամիջոցներ ու հանգիստ են նշանակել: