Գևորգ Կոստանյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին, սակայն միայն 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրան մեղսագրվող հոդվածները։ Ըստ այդմ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։

Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց 2019թ. նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվել է 2019թ. դեկտեմբերի 4-ին։
Գևորգ Կոստանյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի դեմ փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, 2019թ. դեկտեմբերի 30-ին մերժել է ։