Դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի․ Արծվիկ Մինասյանը՝ ստոպ կադրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

բակո

«Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի»,- անդրադառնալով «Ադեկվատ» խմբի անդամների և Նարեկ Մալյանի ձերբակալություններին՝ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության շենքի բակում հավաքված լրագրողներին ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ակնհայտ է, որ բերման ենթարկելը, մարդուն անազատության մեջ պահելն՝ առավել ևս չհիմնավորված, համարվում է լուրջ հանցագործություն: Բոլոր անձինք, որոնք ենթարկվում են նման հրահանգների և կատարում ապօրինություն, մի օր այս ամենի համար պատասխան են տալու: Ողջամիտ իշխանությունները պետք է դասեր քաղած լինեին առնվազն անցյալից, երբ իրենք հետևողականորեն պայքարում էին ապօրինի ձերբակալությունների, կալանավորումների, անազատության մեջ պահելու՝  նախկին իշխանությունների ոչ համապատասխան գործողությունները, այսօր իրենք մի քանի անգամ ավելի վատ ձևով փորձում են դա անել», - ասաց ՀՅԴ նախկին պատգամավորը։

Մինասյանի խոսքով՝ այս ամենը հիշեցնում է 37 թիվը․

«Մեկ-մեկ մեզ թվում է, թե 1937 թիվն ինչպե՞ս է եղել, եթե սա սկսվում է նմանվել այդ ժամանակներին, ուրեմն ներկա սերունդն էլ է ականատես լինում վայ իրավական վարքագծի, որին օր առաջ պետք է վերջ դնել»:

Իսկ երբ լրագրողները Արծվիկ Մինասյանին հիշեցրին, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ կառավարության երդմնակալության արարողությունից ստոպ կադր էր ներկայացրել, թե իբր Հրայր Թովմասյանը գլուխ է խոնարհում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ, բայց իրականում լուսանկարում Արծվիկ Մինասյանն էր, վերջինս տվեց հետևյալ մեկնաբանությունը․

«Դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի: Վաղը չէ մյուս օրը ասուլիս ունենք այդ թեմայով: Բուն նկարի մասին ասեմ, որ նկարը, ինչպես որ բազմիցս պարզաբանում տրվել է, անհաջող մի ստոպ կադրի արդյունք է, դա հետևանքն է այն երկխոսության, որը տեղի ունեցավ իմ ու վարչապետ Փաշինյանի միջև: Երկխոսությունը հետևյալն էր. երբ երդման տեքստի ավարտից հետո հայտարարեցի՝ «Առաջն Աստված», նախագահն ասաց՝ «շատ լավն էր»: Եվ երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասաց՝ «այնքան լավն էր, կարո՞ղ է տեքստը փոխենք»: Որ այդ ծիծաղը մեջիցս չարտահայտվի, ակամա գլուխս առաջ թեքեցի՝ ստացվեց անհաջող կադր: Եթե տեսանյութն ուշադիր նայեն, կտեսնեն,  որ չկա այդտեղ ոչ մի նման վարքագիծ, ինչի մասին փորձում են իրենց վայ քաղաքական գործիչ համարող անձինք խոսել: Խոնարհումը կամ գլուխ խոնարհելն ապաքինության նշան է. ես որպես կանոն գլուխ եմ խոնարհում կամ հուշարձանի, հուշատախտակի կամ մահացածի առաջ: Չեմ կարծում, որ այդ անհաջող ստոպ կադրը պետք է դառնար այդ վարքագծի առարկա, ինչ փորձում են ներկայացնել: Մենք ի վերջո խոսում ենք քաղաքակիրթ հասարակության մասին, բայց նման էժանագին ու ցածրակարգ հակաքարոզչությունը քաղաքական անձանց նկատմամբ, խոսում է նրանց աջակիցների մակարդակի, որակի և անպատասխանատու երևույթների մասին», - եզրափակեց իր խոսքը Մինասյանը։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս