Մեր միջև կա մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ․ Տիգրան Խաչատրյանը՝ Հորդանանի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստանում է` նախապատրաստելու Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի սպասվող այցը Հայաստան, ինչպես նաև քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, հայտնել է, որ երկու երկրներն ունեն մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ, որի իրացման հնարավորություններն այսօր այս երկխոսության օրակարգում են:

1

Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները և ընդգծել, որ մեր երկրում տնտեսական կյանքի բոլոր մասնակիցներն ունեն հավասար հնարավորութուններ:

Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանին նման հյուրընկալության արժանացնելու համար և հայտնել, որ հանդիպումը խոսում է երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերության մասին, սակայն նշել, որ այդպիսի հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է։

Որպես դինամիկ զարգացող ոլորտ՝ կողմերն առաջարկել են քննարկել զբոսաշրջության բնագավառում հնարավոր համագործակցությունը: Քննարվել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա:

Հորդանանի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացման ներուժին` ընգծելով, որ այս առումով երկու երկրների տնտեսությունները ևս ունեն ընդհանրություններ, ուստի նաև՝ համագործակցության հնարավորություններ:

Ընդլայնված կազմով քննարկման ընթացքում տեղի է ունեցել առավել մանրամասն ոլորտային քննարկում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություններում ձևավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։