Հրայր Թովմասյանի փաստաբանները զրպարտության համար հայց կներկայացնեն վարչապետի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

իրավական

«Թյուրըմբռնում կա, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը դատական հայց չի ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ»,- այս մասին 24News-ին ասել է Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Զրպարտության վերաբերյալ հայց ներկայացվելու է վարչապետի դեմ։ Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Չգիտեմ թյուրըմբռնումը որտեղից է, որ չենք ներկայացնելու։ Առայժմ ժամկետ չեմ կարող նշել, բայց որ ներկայացնելու ենք, միանշանակ»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստիպված է արձագանքել ՀՀ վարչապետի կողմից իրեն «վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն:  Դրան ի պատասխան Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան: