ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանը դիմել է ՀՔԾ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News   

Միհրան Պողոսյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը հայտնել է, որ հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ դիմել է Հատուկ քննչական ծառայություն, վարույթն իրականացնող քննիչից պահանջելով հայտնել, թե արդյո՞ք ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկատվություն։

«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ Ձեր վարույթում գտնվող քրեական գործով եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է Հատուկ քննչական ծառայության կողմից», - դիմումում գրել է փաստաբանը։

 Նա նշել է, որ «մինչդատական վարույթի գաղտնիության առավելագույն ապահովման օրենսդրական սկզբունքը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է առավելագույնս զերծ մնան Սահմանադրական դատարանի դատավորի մասնակցությամբ քրեական վարույթի վերաբերյալ տվյալների, դրանց վերաբերյալ իրենց ենթադրությունների, դատավորին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակման և դրա հիմքում դրված ենթադրյալ փաստական հանգամանքների հրապարակումից։ Ընդ որում, նորմի տառացի մեկնաբանությունը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է ոչ միայն զերծ մնան նման գործողություններից, այլև առավելագույնս ապահովեն նշված հանգամանքների գաղտնիությունը մինչև մինչդատական վարույթի ավարտը»։

Փաստաբանը ՀՔԾ քննիչին խնդրել է տեղեկացնել, թե արդյո՞ք իր վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում հատուկ քննչական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկատվություն․

«Եթե այո, ապա ի՞նչ իրավական ընթացակարգի կարգավորումների հիման վրա է նշված տեղեկությունը տրամադրվել Հանրային հեռուստաընկերությանը՝ շրջանցելով «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները»։

Փաստաբանների պալատ