ՄԻԵԴ-ը Մանվել Սարիբեկյանի գործով Ադրբեջանին պարտավորեցրել է 60,000 եվրո վճարել ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գրեթե 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրել այդ երկրին Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո: Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանից պահանջել էին 120.000 եվրո։ Այս բողոքում Հայաստանի կառավարությունը ճանաչվել է որպես երրորդ կողմ։

Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանը 2011-ի հունիսի 10-ին դիմել են ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով: Նրանք հայտնել են, որ իրենց 20-ամյա որդին 2010 թվականին խոշտանգվել և սպանվել է Ադրբեջանում` կալանավայրում գտնվելով: Ըստ նրանց դիմումի՝ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ծնված Մանվել Սարիբեկյանը 2010-ի սեպտեմբերի 11-ին անտառ է գնացել փայտ հավաքելու և մառախուղի ժամանակ մոլորվելով սահմանամերձ տարածքում՝ հայտնվել է Ադրբեջանի կողմում:

Ադրբեջանական կողմը վերջինիս ձերբակալել է մեղադրելով նրան լրտեսության մեջ: 2010-ի հոկտեմբերի 4-ին Մանվել Սարիբեկյանին կախված են գտել իր բանտախցում: