Պետք է ամեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը. Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

/

Սա աղետ է։ Ինչու՞ չեն պոկվում գեներալական ուսադիրներ։ Ամեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը, հիշատակելով 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի՝  սեփական կրծքին կրակոցներ արձակելու եւ մահանալու մասին ՀՔԾ հաղորդագրությունը։

«Տառացիորեն մի քանի օր առաջ՝ հունվարի 24-ին, մեկ այլ զորամասում կրկին արձանագրվել էր արտակարգ դեպք, որի հետեւանքով երկու անձանց սպանության փորձի և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել»։

Փաստաբանն ահազանգում է. «սա աղետ է, սա լրջագույն մարտահրավեր ու սպառնալիք է յուրաքանչյուր զինծառայողի համար։ Ես իսկապես ահազանգ եմ բարձրացնում, որ սա անպատասխանատու, սրտացավ վերաբերմունքի բացակայության և ամենաթողության հետեւանք է։ Սա խոսում է զինված ուժերում գոյություն ունեցող հանցավոր բարքերի մասին»։

Նորիկյանը դրական է գնահատում բարեփոխումները, սակայն միաժամանակ շեշտում զինվորների անվտանգության առաջնահերթությունը. «Շա՛տ լավ է, որ մեր բանակում տարեկան մի քանի գեներալական ուսադիրներ են ավելանում, շա՛տ լավ է, որ մեր զինվորներն աստիճանաբար անցնում են ավելի քաղաքակիրթ սնվելու համակարգին, շա՛տ լավ է, որ մենք ձեռք ենք բերում ժամանակակից զինամթերք ու փակում ենք ութսունականների զենքերի ամոթալի էջը, բայց այդ ամենը գրոշի արժեք չունի, եթե խաղաղ պայմաններում զորամասում վտանգված է որևէ զինծառայողի կյանք, որ խաղաղ պայմաններում զինվորները ինքնասպան են լինում կամ սպանվում են»։

Զինված ուժերում հանցավոր բարքերն արմատախիլ անելը փաստաբանը հրամայական է համարում.

«Յուրաքանաչյուր դեպքով պետք է իրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ ու հետազոտություններ, կանխարգելիչ խիստ ու վճռական քայլեր՝ այլևս որևէ ողբերգություն բացառելու համար, իսկ երբեմն նաև գեներալական ուսադիրներ պոկվեն։ Ես պնդում եմ, որ այս ամենի պատճառներից մեկն էլ տարիներ շարունակ չբացահայտված հանցագործություններն են։ Եթե զինված ուժերում մահվան ելքով տեղի ունեցած բոլոր հանցագործությունները բացահայտվեին ու մեղավորները ենթարկվեին պատասխանատվության,  մենք այսօր այսպիսի դեպքերի ականատեսը չէինք լինի»։

Նորայր Նորիկյանը սթափվելու եւ հետևություններ անելու կոչ է արել. «Պետք է ամեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը»։