Արմեն Սարգսյանն ու կինը ներկա են գտնվել «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագծի համերգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն հունվարի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագծի երրորդ համերգին:

Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի ընթացքում բեմում միաժամանակ ելույթ են ունեցել երեք տաղանդաշատ դաշնակահարներ՝ բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը՝ Հայաստանից, ռուսաստանաբնակ 15-ամյա շնորհալի դաշնակահարուհի Եվա Գևորգյանը և ծագումով թաիլանդցի կանադաբնակ անվանի դաշնակահար Փում Փրոմըչարթը:

Նրանց կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները: