Վանեցյանը հարցաքննվել է երկու դատական գործերի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

քաղաքական

Հունվարի 31-ին Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
«Վանեցյանը հարցաքննվել է երկու դատական գործի շրջանակներում՝ առաջինը՝ գաղտնալսման, երկրորդը՝ ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործերով․ երկու գործերում էլ վկայի կարգավիճակով։ Հեռախոսը գաղտնալսման գործով զննության է ենթարկվել», այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ 

«Քննչական կոմիտեն նախաքննական իրականացնող մարմին է, իր գործողությունները պլանավորում է ըստ նախաքննության անհրաժեշտության․ նախաքննական մարմինն անհրաժեշտ է գտել հարցաքննել Վանեցյանին և հրավիրել ՔԿ»,- նշեց Հարությունյանը։

Այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Վանեցյանի հանդեպ հետապնդումների հրահանգներն իջեցվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, Նաիրա Հարությունյանը նշեց՝ «պատվերի ու քաղաքական հետապնդման մասին որևէ խոսք լինել չի կարող»։  

Իսկ Վանեցյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին չի ուզում ոչինչ մեկնաբանել՝ «հետո պահը կլինի, կխոսեմ»,-ասաց ԱԱԾ նախկին պետը։