Չպետք է ներել Սաֆարովին հերոսացնող երկրին. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

քաղաքական

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում՝ «Փախստական եւ գաղթական երեխաների անհետացման դեպքերը Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է  նաեւ Ադրբեջանի ոտնձգություններին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հակադարձել Ադրբեջանի պատվիրակության անդամի անհիմն հայտարարություններին:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթը.

«Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ,

Այսօրվա մեր քննարկման թեման խիստ արդիական է, եւ չափազաց դժվար է փնտրել ու գտնել արդյունավետ լուծում։

ԵԽԽՎ անդամ պետությունների կառավարությունները պետք է անեն անհրաժեշտ ամեն ինչ՝ կանխելու համար հազարավոր փախստական եւ գաղթական երեխաների անհետացումն ամբողջ աշխարհում: Դա ուղղակիորեն բխում է երեխայի գերագույն շահերից:

Քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր երկրները ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի կողմեր են, ուստի նրանք պետք է պաշտպանեն երեխաների  շահերը:  Գաղթական եւ փախստական երեխաների ընդունելության եւ խնամքի պայմանները պետք է բավարարեն մարդու իրավունքների հիմնական պահանջները: 

Երեխաները, լինեն նրանք փախստական, թե ոչ, իրավունք ունեն ապրելու նորմալ պայմաններում, որպեսզի չկորցնեն իրենց առողջությունը, չենթարկվեն հոգեբանական խեղման:

Իսկ ի՞նչ եղավ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի զինյալները կործանարար ռումբեր էին արձակում խաղաղ հայ բնակչության դեմ Արցախում: Եղավ այն, որ 12-ամյա հայ պատանին՝ Վաղինակը, զոհվեց ադրբեջանական ռմբակոծությունից։  Ընդ որում, այդ հարվածները սրիկաները տեղացել էին հենց դպրոցի վրա: Վիրավորվեցին տասնյակ այլ դպրոցականներ եւս: Բայց ո՞ւր է այդ ոճրագործության քաղաքական եւ իրավական գնահատականը:

Պարզից էլ պարզ է, որ նման ոճրագործությունները չպետք է ներվեն: Եվ ի՞նչ ներելու մասին է խոսքը, երբ Ռամիլ Սաֆարովի նման տականքներն Ադրբեջանում հերոսացվում են: Սա նշանակում է, որ չպետք է ներել այդ հերոսացումը կազմակերպող պետությանը: Այո, այդ պրակտիկան կա միջազգային իրավական կոնվենցիաներում: Եվ դա պետք է կիրառել:

Ս.թ. մարտի 31-ին Արցախի հանրապետությունում սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Արցախի ժողովուրդը պատրաստ է նոր ընտրություններին, եւ դուք կտեսնեք այդ առումով, թե որն է ժողովրդավարությունը: Այո, կայացած պետություն՝ իր բոլոր պետական ինստիտուտներով: Այդ թեմայով կխոսենք դրանից հետո՝ ապրիլ ամսին:

Հարգելի գործընկերեր,

Վերջում ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի պատվիրակության մեր գործընկերոջ կողմից առավոտյան արված հայտարարությանը։ Նա շատ տարօրինակ մի բան ասեց՝ իբրեւ թե Ադրբեջանի անկայուն վիճակն ու տարբեր խնդիրները պայմանավորված են Արցախի անկախության փաստով։

Ո'չ, եւ կրկին անգամ ո'չ, սա արհեստականորեն ստեղծված փաստարկ է։

Կարծում եմ՝ մենք միշտ միասին պետք է իրավական եւ քաղաքական գնահատական տանք նշված երեւույթներին»: