Մարությանի դեմ հարուցված վարույթի վերաբերյալ կփարատվեն կասկածները՝ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

«Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ավարտից հետո 24News-ը զրուցել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ։ Անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ հարուցելու թեմային՝ Հարությունյանը նշեց․

«Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ հարուցելու միջոցով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հավաստիանալու է՝ արդյոք կա՞ անհամատեղելիության պահանջի խախտում, թե՞ ոչ։ Օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովն իր եզրակացությունը կներկայացնի։ Պարզաբանումներ ենք ստացել նաև Հայկ Մարությանից, հավաքագրել ենք հարկային և այլ մարմիններում առկա տեղեկությունները, որպեսզի որևէ կասկած չմնա»։ 

Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ էր հարուցել Հայկ Մարությանի նկատմամբ, ըստ որի 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր՝ «Երկուս ու կես» ՍՊԸ-ն:

Հայկուհի Հարությունյանն անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամների և դատավորների հավատարմագրերի ստուգումներին․

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի փոփոխություններից հետո հանձնաժողովը հնարավորություն կունենա 3 ամսվա ընթացքում ուսումնասիրել ԲԴԽ անդամների գույքի, եկամուտների հայտարարագրերը, որպեսզի հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություն ներկայացնի և այն դարձնի հանրային։ ԲԴԽ անդամների մասնակի բարեվարքության ստուգումներից հետո հանձնաժողովը անցնելու է դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգմանը»։