«Իմ քայլը» ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ ունի․ ԱԺ արտահերթ խորհրդի նիստ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ՔՊ ԱԺ-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ ունի: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա: Սա արել են Սահմանադրության տառին հետևելով, ինչը նաև արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների արձանագրություններում:

ՍԴ-ն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար պահանջ են դնում մեր առջև ՀՀ քաղաքացիները: Մենք՝ որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը լուծել մեր իրավասությունների շրջանակում: Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի ԱԺ խորհրդի նիստի ընթացքում»,- ասել է Մակունցը:

Լիլիթ Մակունցն իրենց տարբերակի մասին բովանդակային մանրամասներ չհայտնեց, նշելով, որ դրանք կքննարկվեն լիագումար նիստի ընթացքում: