«Միմյանց թիկունք՝ դժվար պահերին». նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իրանի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:

Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրները մշտապես եղել են լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Երևանում իր հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ և անդրադարձել քննարկված հարցերին:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի և տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:

Դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի առավել զարգացնելու և ընդլայնելու երկու բարեկամ երկրների համագործակցությունը: