Փաշինյանը ցավակցել է ՉԺՀ նախագահին և վարչապետին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում ասված է. 

«Չինաստանի համար դժվարին այս պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից թույլ տվեք խորին ցավակցություն ու զորակցություն հայտնել Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, որն արդեն իսկ պատճառ է հանդիսացել հարյուրավոր մարդկային զոհերի: 

Չինաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների և միշտ պատվով հաղթա­հա­րել դրանք: Վստահ ենք, որ այս անգամ նույնպես, Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարման ներքո,  Չինաստանին կհաջողվի հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի խաղաղ ու ապահով մթնոլորտը:  

Մաղթում եմ Ձեզ անսասան համբերություն և հաստատակամություն, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ ոգու արիություն»: