Ինչո՞ւ եք այսպիսի հոգեմետ վիճակում հայտնվել, պարոն Կոստանյան․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

անդրանիկքոչարյան

Թող շուտ վերադառնա հայրենիք և ձևակերպի իր մտքերը նախաքննական մարմնի առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը։

«Ծիծաղելի է, չէ՞, կարմիր դիպլոմով ավարտած նախկին դատախազը, պարզվում է, չգիտի ՀՀ օրենքները։ Ինքը պետք է գա և ներկայանա նախաքննական մարմնին։ Վստահաբար ձեզ ասում եմ, Գևորգ Կոստանյանը շատ հարցերի դեռ պետք է պատասխանի, ես դա ասում եմ «Մարտի 1» -ի փաստահավաք խմբի շատ առանցքային խմբի անդամներից մեկը լինելով»։

Արձագանքելով լրագրողի այն հարցին, որ  Կոստանյանը պայման է դրել միայն հրապարակային հանդիպմանը պատրաստ լինելուն, Քոչարյանն ասաց. «Եթե բոլորն ասեն՝ թող լինի հրապարակային, բա ինչո՞ւ ենք մարդկանց կանչում ոստիկանություն, ինչո՞ւ են նախաքննական մարմինները տարբեր քրեական գործերով հրավիրում, լսում, քրեական գործեր հարուցում. ինքը մեղադրյալ է, թող շարժվի իր մեղադրյալ լինելու կարգավիճակից ելնելով։ Իր փաստաբանական թիմը թող իրացնի այն հնարավորությունները, որը ՀՀ օրենսդրությամբ տրված է ցանկացած ՀՀ քաղաքացու»։

Լրագրողի հարցին, թե ինչու է Կոստանյանը նման բան առաջարկում, Քոչարյանը պատասխանեց. «Կհարցնեք Գևորգ Կոստանյանին, զանգահարեք, ասեք, ինչո՞ւ եք այսպիսի հոգեմետ վիճակում հայտնվել, պարոն Կոստանյան, դա արդյոք արդյո՞ւնք է իշխանությունը կորցնելու, վերադարձեք և ձեր հարցերի պատասխանները կգտնեք նախաքննական մարմնում»։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

Ավելի վաղ հայտնի էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:

Հայտարարությունից հետո ՀՔԾ-ն նույնպես տարածեց հայտարարություն, թե Կոստանյանն այդ կերպ պատրվակ է ստեղծում խուսափելու պատասխանատվությունից։