ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես արտերկրում իր հանդիպումների ժամանակ մշտապես նշում է, որ Հայաստանն ունի կայուն և զարգացած բանկային համակարգ, ինչը շատ կարևոր է հնարավոր ներդրողներին Հայաստանի առավելությունները ներկայացնելու, երկրի հանդեպ վստահության տեսանկյունից:

Նախագահը բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարել:

Նախագահի առաջարկով բանկերի ղեկավարները ներկայացրել են համակարգի զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները:

Մտքերի փոխանակություն է ծավալվել Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգերի և, ընդհանուր առմամբ, տնտեսության, բանկերի զարգացման, միջազգային համագործակցության շուրջ: