«Խայտառակություն էր, դրանում շատ սուտ կար». Փելոսին ասել է՝ ինչու է Թրամփի տեքստը պատռել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

 

«CNN»-ը գրում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեմոկրատների դռնփակ նիստի ժամանակ պատմել է, թե ինչու է նախագահ Դոնալդ Թրամփի` ժողովրդին ուղղված ելույթի տեքստը հրապարակավ պատռել։

Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ խոսնակը հայտարարել է, որ Թրամփի ելույթը խայտառակություն էր, և դրանում շատ սուտ կար: 

«Նա ոչնչացրեց ճշմարտությունը, այդ պատճառով էլ պատռեցի նրա ելույթի տեքստը»,- հայտարարել է Փելոսին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու արարողության ժամանակ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:

Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը: