Կենտրոնականի քրեական հետախույզները թմրամիջոցներ են հայտնաբերել․ երկու անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

.

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, դատարանի որոշմամբ, փետրվարի 5-ին խուզարկել են Երևանի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգված, դեղնականաչավուն հետքերով սրվակ, կաթուցիչներ ու տարբեր քաշերով կանեփի սերմեր։ Տանտերը բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում՝ Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող, 26-ամյա մի օտարերկրացի թմրանյութ է պահում, որը պետք է իրացներ ձերբակալվածին։ Նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև օտարերկրացին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սփայսի նմանվող սպիտակ փոշենման զանգված՝ 9 գրամից ավելի քաշով։ Նա ևս ձերբակալվեց։ Քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև երիտասարդի բնակարանը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 350 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգվածներ, յուրահատուկ հոտով հեղուկներով տարաներ, էլեկտրական կշեռքներ և այլն։ Դրանք ևս փաթեթավորվեցին և ուղարկվեցին փորձաքննության։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։