Խտրական վերաբերմունք է ցուցաբերվում ՍԴ դատավորների միջև, որն արգելված է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Վարուժան Ավեդիկյան

Իրավաբան Վարուժան Ավեդիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Գիտեմ, որ դժոխքի` իրավաբանների համար համար հատկացված հատուկ սենյակում ողջակիզվելու եմ, այնուամենայնիվ կարծում եմ (քիչ ողջակիզվելու նկատառմամբ լինեմ հակիրճ), որ
- ՍԴ դատավորների լիազորությունը վաղակետ դադարեցնող փոփոխությունը հակասում է հենց նույն Սահմանադրությամբ նախատեսված անձի իրավական վիճակը վատթարացնող ակտի հետադարձ ուժ չունենալու մասին կանոնին (հոդված 73 (1)).
- այդ փոփոխությունն իրականում հանդիսանում է արդարադատության իրականացմանը միջամտում, ինչը նույնպես արգելված է Սահմանադրությամբ (հոդված 162 (1)).
- անցումային, մի խոսքով անցած-գնացած, ակտուալությունը կորցրած դրույթում փոփոխությունը ընդունվելու դեպքում կհամարեմ, որ այն 2018 թվականի ապրիլի 9-ից ուժ չունի (չեղածի հաշիվ).
- ենթադրաբար պաշտոնազրկվող 7 ՍԴ դատավորների իրավունք պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը սահմանափակվում է առանց սահմանելու այդ սահմանափակման հիմքերն ու ծավալը` չպահպանելով սահմանադրական որոշակիության կանոնը (հոդված 79)
- խտրական վերաբերմունք է ցուցաբերվում 7 և 2 (չդադարեցվող) ՍԴ դատավորների միջև, որն արգելված է (հոդված 29)
- փոփոխությունն ըստ էության պատիժ է (հիմք` նախագծի հիմնավորում, Վարչպետի ԱԺ ելույթ): Մեղքն ու պատիժը պետք է համաչափ լինեն (հոդված 71, 72): Եթե 7 դատավորները մեղք են գործել, ապա թող պատժվեն քրեական օրենսգրքով նախատեսված պատժով, իսկ եթե ոչ, ապա չեն կարող պատժվել չկատարած մեղքի համար:

Այստեղ կանգ կառնեմ: Բավարար է»։