Վստահության քվե՝ Փաշինյանին. ինչքա՞ն ձայն է պետք «այո»-ի համար. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նիկոլ ընտրություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը նախօրեին ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ ձայներով։ Այսինքն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Սահմանադրական դատարանի 7 դատավորների, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարի։ Եվ տեղի ունենալիք հանրաքվեն կարող է յուրօրինակ վստահության քվե լինել իշխող ուժի համար:

Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ են առկա։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 քաղաքացի, որից 825 հազար 521 հոգի ասել է՝ «այո», իսկ 421 հազար 568 քաղաքացի ասել է՝ «ոչ»։ Իսկ, ահա, 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ, որից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող, այսինքն՝ մի փոքր ավելի, քան 2015 թվականի հանրաքվեի «այո» ձայները։ Հիմա եթե իշխանություններին հաջողվի ապահովել 1 միլիոնից ավելի քաղաքացու մասնակցություն հանրաքվեին, ապա անհրաժեշտ կլինի, որ մասնակիցներից ավելի քան 650 000-ը կողմ քվեարկեն, որպեսզի «այո»ն համարվի վավերացված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: