Վթար՝ մերկասառույցի պատճառով․ բախվել են զինվորական երդման գնացող մեքենաները. կա 8 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

վթար

Փետրվարի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Ծակքար գյուղի վարչական տարածքում, «Գոհար» հարսանյաց սրահի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր հասած ԱԻՆ-ի Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը, օպերգծով տեղակալ Գարեգին Գերասիմյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ տեղի ճանշինականները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով պատելու համար, ու եթե ժամանակին ճանապարհը մշակեին, ապա վթարը տեղի չէր ունենա։

Աղբյուրը նաև նշում է, որ վարորդներն ու վիրավորները մեկնում էին զինվորական երդմնակալության, Opel-ի վարորդն ու ուղևորները մեկնում էին Իջևանի զորամաս, Mercedes-ինն էլ՝ Վարդենիսի։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, Մարտունու բժշկական կենտրոնից վիրավորներից 3 հոգու շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևան։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։