Հայկական հումանիտար խումբը մեկ տարում Սիրիայում ականազերծել է 126 հազար քմ տարածք

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ականազերծող

Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում և 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին:

Հանձնման վկայականի համաձայն՝  Ալ Հուսեյնիա բնակավայրի նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար: Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 1 հատ հակատրանսպորտային ական, 10 հատ ՏՄ-62 հակատանկային ական, 3 հատ ՄՕՆ-50 հակահետևակային ական, 11 հատ ՊՄՆ- 2 հակահետևակային ական, 8 հատ ՕԶՄ-72 հակահետևակային ական, 3 հատ 82 մմ ականանետի ական, 2 հատ Արկ, 1 հատ Արկ ՌՊԳ-1, 1 հատ Արկ Դ-30, 2 հատ Արկ 100 մմ, 1 հատ Կասետային ռումբ, 1 հատ կրակած հրթիռի կրիչ, 3 հատ Նռնակ Ֆ-1, 1 հատ Պայթուցիչ ԱՕ-2,5 ՊՏՄ, 17 հատ Մ-42 ենթազինամթերք, 7 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Հումանիտար խմբի բժիշկները (վիրաբույժներ, էնդոկրինոլոգ, թերապևտ, դիմածնոտային վիրաբույժ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, մաշկաբան, ատամնաբույժ, անեսթեզիոլոգ, համաճարակաբան, թունաբան) մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 10 հազար 114 հիվանդի: Կատարվել է 1354 լաբորատոր հետազոտություն:

Այս ընթացքում հայ մասնագետներն ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության տասնյակ դասընթացներ են կազմակերպել Հալեպում: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» «Մենք ձեզ հետ ենք» և «Մի բուռ ժպիտ» խորագրերով մարդասիրական ակցիաներ է իրականացրել. հավաքվել են նվերներ և փոխանցվել են սիրիացի երեխաներին (երկրորդ ակցիան դեռ ընթացքի մեջ է, նվերները շուտով կհասցվեն Հալեպ): Հումանիտար խմբի բժիշկները պարբերաբար անհրաժեշտ դեղորայք են տրամադրում Հալեպի հոսպիտալին:

2019 թվականին ականազերծման աշխատանքներ են իրականացվել նաև Հայաստանում։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ու«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» գործակցությամբ 16180 քառակուսի մետր տարածք է մաքրվել։ 2018 թվականի աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Անցած տարի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան-առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից մաքրվել է շուրջ 40 հազար քառակուսի մետր տարածք:

Նշենք, որ ականազերծման աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու  սարքավորումները։ 2019 թվականին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» Ականների վտանգի իրազեկման մասնագետները Երևանի և մարզերի 11 հազարից ավելի աշակերտների և ուսուցիչների համար դասընթացներ են անցկացրել, պատմել ականների վտանգի մասին, ծանոթացրել անվտանգ վարքագծի կանոններին։ Թարմացվել է նաև ականներից տուժածների տվյալների բազան։