Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

.

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Գոռ Միքայելյանը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, հենց նոր կայացրած որոշմամբ մերժեց քննիչի միջնորդությունը՝ այս օրերին բազմիցս հրապարակված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։ Կալանավորումը մերժելու դատարանի որոշումը տանում եմ ՁՊՎ՝ ձերբակալվածին արգելանքից ազատելու համար»,- ասված է փաստաբանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց առանց մաքսային ձևակերպման բեռնատար բաց թողնելու համար ձերբակալվել էր «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:

Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ գործով փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես հայտնել էին, որ Փաշինյանը ոչ միայն խախտել է  առերևույթ հանցագործության կատարմանը առնչություն ունեցող անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև՝ կանխորոշել ողջ քննության հետագա ընթացքը և մեղադրական դատավճռի կայացումը։