Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների օրը թեկնածուների 2 ներկայացուցիչները մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ընտրություն

Փետրվարի 9-ին՝ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, թեկնածուներից երկու ներկայացուցիչների մահացել են: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից թեկնածու Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևի մահվան մասին լուրից ելնելով` Գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն։

1954 թվականին ծնված Հաջիևը մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ: Մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշվում է, որ Հաջիևը տառապում էր սրտային հիվանդությամբ, երկու անգամ սրտի կաթված էր տարել, 6 ամիս առաջ էլ վիրահատվել էր: Սակայն լուրեր են շրջանառվում, որ Հաջիևի դեպքը սպանություն է:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի կողմից բողոքներ չեն ստացվել ընտրական օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ևս մի թեկնածուի ներկայացուցչի մահվան մասին: 61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է տան մոտ, մեքենայի մեջ, այն վարելիս է եղել իր համագյուղացին։ Ըստ նախաքննության՝ Հուսեյնովը նույնպես երկար ժամանակ տառապել է սրտի հիվանդությամբ և 2016 թվականին 3 վիրահատություն է տարել:

Դեպքի վայրի և դիակի զննությունն այս անգամ էլ մարմնական վնասվածքներ չի հայտնաբերել: