Կառավարությունը շահագրգիռ է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ գործակցության զարգացմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

պանկինփաշինյան

Այսօր Վարչապետը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է և ՀՀ կառավարությունը շահագրգռված է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինիս կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: 

Դմիտրի Պանկինի խոսքով՝ իր գլխավորած բանկը մեր երկրում կենտրոնացած է հիմնականում առևտրային բանկերի միջոցով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ, սակայն առաջիկայում նախատեսում են ծրագրեր իրականացնել նաև ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում: 

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ վերը նշված ոլորտներում մեր երկրում տեղի ունեցող միտումները վկայում են՝ առկա են զարգացման լայն հնարավորություններ և տարեցտարի ֆինանսների ներգրավման անհրաժեշտությունը մեծանալու է: «Այսինքն համագործակցության լայն դաշտ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ողջունել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ու հայասատանյան առևտրային բանկերից մեկի միջև 10 մլն դոլարին համարժեք վարկային նոր համաձայնագրի ստորագրումը, միջոցների ուղղումը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: