Հայ-ռուսական հարաբերություններն ավելին են, քան առանձին քաղաքական գործիչներինը․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վանեցյան

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

Ըստ նախկին պաշտոնյայի՝ Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում:

Վանեցյանը նաև նշել է, որ Հայաստանի իշխանության ղեկին այսօր շատերը կան, որ ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, և հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծը:

«Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության համար: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ գործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը` նշելով, որ իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը անհամատեղելի են:

«Բացթողումների և չիրականացած հնարավորությունների մասին կարելի է անվերջ խոսել, թյուրիմացություններ լինում են նույնիսկ ամենասիրով ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին միշտ բավարարել է իմաստությունը` հաղթահարելու հարաբերություններում բոլոր դժվարությունները: Համոզված եմ, հիմա էլ կբավարարի։ Կամք ու իմաստություն է հարկավոր, և մեր ժողովուրդները դա ունեն»,-ասել է Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը նաև նշել է, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը, և որ 2 երկրների շահերից է բխում մնալ հուսալի և կանխատեսելի գործընկերներ: