Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

հասարակական

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներով։ Տևական ժամանակ մնալով վերականդանացման բաժանմունքում՝ Գրիգորյանի վիճակը չի բարելավվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ 

Պաշտպանը նշեց, որ Գրիգորյանի վիճակը կայուն է։
«Եթե Մանվել Գրիգորյանի ծանր վիճակը շարունակվի և պետական, դատական իշխանության մարմինները չմիջամտեն և միջոցներ չձեռնարկեն, ապա օրենքով մեզ վերապահված լիազորությունները կօգտագործենք և կդիմենք միջազգային ատյաններ», - նշեց Լևոն Բաղդասարյանը։ 

Պաշտպանը նաև հայտնեց, որ եթե դատական իշխանությունը և մեղադրող կողմը գործողություններ չանեն, որը թույլ կտա արտասահմանում իրականացնել Մանվել Գրիգորյանի բուժումը, ապա իրենք հաջորդ դատական նիստին միջնորդություն կներկայացնեն։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից։ Գրիգորյանի առողջական վիճակը հաշվի առնելով՝ Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1․5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։