«Յուքոմ»-ի՝ «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը գնելու մասին որոշում կայացված չէ․ ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ՀՀՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում այսօր քննարկվել է  ««Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:

2019թ. դեկտեմբերի 30-ին վերոնշյալ ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը  նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը,  և ընկերությունների դիմումի հիման վրա հանձնաժողովը սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել: Այս մասին հայտնում են ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Վեոն Արմենիա»-ն հիմնադրվել է 1995թ., իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018թ. ընկերության ակտիվների արժեքը կազմել է 147.8 մլրդ  դրամ, հասույթի չափը՝ 38.4 մլրդ դրամ:  «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը  պետական գրանցում է ստացել 1996թ., իրականացնում է  ամրակցված, շարժական հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018թ. վերջինիս ակտիվների արժեքը կազմել է 115.9 մլրդ  դրամ, հասույթի չափը՝ 40.7 մլրդ դրամ: 

Ըստ ընկերությունների՝ համակենտրոնացման հիմնական նպատակն է էական մրցակցության ուժեղացումը, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը: 

«Այս պահին որևէ որոշում կայացված չէ, հանձնաժողովը դեռևս վերլուծում է ստացված տեղեկատվությունը, այսօր տեղի է ունենում  այս գործով առաջին նիստը: Դիմել ենք 3 պետական մարմինների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով  և Պետական եկամուտների կոմիտե՝ շուկայի ամբողջական պատկերն ու դինամիկան հասկանալու համար: Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև միջազգային շուկայում համանման գործերը, դիմել է նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միջազգային ցանցին,  Միջազգային մրցակցային ցանցին մասնագիտական օժանդակություն տրամադրելու համար»,- նիստի դռնբաց հատվածից  հետո լրագրողների հետ  տեղի ունեցած ճեպազրույցում նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նաև պարզաբանել է, որ ՏՄՊՊՀ-ն դիմումը մուտք լինելու պահից 90 օր ժամկետ ունի որոշում կայացնելու համար, եթե երկարաձգման վերաբերյալ որոշումներ չեն կայացվում: Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել համակենտրոնացման գործողությունը թույլատրելու, արգելելու, ինչպես նաև պայմանով թույլատրելու վերաբերյալ:

Գեղամ Գևորգյանը հավաստիացրեց, որ գործընթացը տեղի է ունենալու թափանցիկ ընթացակարգով, և այլ նոր տեղեկատվության դեպքում այն կներկայացվի հանրությանը՝ բացառությամբ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների: