Էրդողանը ռուսներին մեղադրել է Ասադի ուժերի հետ Իդլիբում «կոտորած անելու» մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել խորհրդարանում ԱԶԿ-ի խմբակցության ժողովի ժամանակ։ Անդրադառնալով Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակին՝ Էրդողանը մասնավորապես ասել է․

«Ռեժիմի ուժերը, նրանց հետ համագործակցող ռուսական ուժերը և Իրանի կողմից աջակցություն ստացող զինյալները Իդլիբում պարբերաբար հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա, արյուն թափում, կոտորած անում։ Իդլիբում քաղաքացիական բնակավայրերին օդային հարված հասցնողներներն արդեն նախկինի պես ազատ գործել չեն կարող։ Մեզ տրված խոստումները չեն կատարվել, պայմանավորվածություններն էլ ոչ ոք հաշվի չի առնում»։ Գրել է Ermenihaber-ը։

Էրդողանը հավելել է, որ նման պարագայում Թուրքիան չի կարող անտարբեր դիտորդի դերում մնալ։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում այդ հարձակումների անմիջական թիրախում են հայտնվում  նաև թուրք զինվորները։ Իդլիբում բախումների հետևանքով մինչ օրս սպանվել է 14 թուրք զինվոր, վիրավորվել է 45-ը:

«Մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը՝ առանց սպասելու քննարկումների արդյունքներին։ Մենք վճռական ենք մինչև փետրվարի վերջ ռեժիմին ստիպել դուրս գալ Սոչիի հուշագրի ընդգրկած սահմաններից՝ հեռանալով մեր նոր դիտորդական կետերից։ Այդ նպատակով առանց հապաղելու, առանց տատանվելու, առանց ժամանակ կորցնելու իրականցնելու ենք ցամաքային և օդային բոլոր անհրաժեշտ գործողությունները», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև սպառնացել է, որ Թուրքիան կհարվածի Սիրիայի կառավարական ուժերին Սիրիայի հյուսիսում գտնվող ցանկացած վայրում, եթե հանկարծ մի թուրք զինվոր էլ վիրավորվի: