Կառավարության նախագծով՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանին գումար կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ԿԳՄՍ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկի առնչությամբ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հարցին:

«Կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում, որով երրորդ հարկի գումարի հատկացումը կլինի: Մենք հիմնադրամի հետ մանրամասն քննարկել ենք այն ռազմավարական ծրագիրը, որով պետք է զարգանա թանգարանը: Երրորդ հարկի հարցը լուծելուց հետո մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել առաջիկա տարիներին ֆինանսական միջոցներով աջակցել նաև որոշակի հաստիքներ ունենալուն, որից հետո մեզ ասացին, որ կարող է հիմնադրամն ինքնաբավ դառնալ»,- ասաց Հարությունյանը:

Ամռանը կլրանա կենտրոն-թանգարանի շինարարության 5-րդ տարին: 2018թ. Փետրվարի 23-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը նշել էր, որ Աբովյան պուրակի հարակից տարածքում կառուցվող կենտրոնի երրորդ հարկը հաջողվել է վերականգնել: