Դասապրոցեսը տուժում է. «Նիկոլ Աղբալյան» դպրոց 165 աշակերտ վիրուսների պատճառով չի հաճախում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հասարակական

«Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցում մոտ 165 բացակա աշակերտ կա, որոնցից 150-ը վատառողջ են։ Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնում է, որ բացակաների պատճառը վերջերս ակտիվացած սուր շնչառական վիրուսներն են։ 

«Բացակա աշակերտների ծնողները մտահոգված են վիրուսային վիճակի պատճառով և դպրոց չեն ուղարկում երեխաներին։ Մենք զանգում և տեղեկանում ենք, ինչ-որ ձևով համոզում ենք, նույնիսկ բուժքույրերը խիստ ռեժիմով մտնում են դասասենյակներ և ստուգումներ են իրականացնում։ Այսօր վատառողջ լինելու պատճառով երկու երեխայի տուն ենք ուղարկել, երեկ՝ 5, նախորդ օրն էլ՝ 9 երեխա ենք տուն ուղարկել», - 24News-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը։ 

Տնօրենի խոսքով՝ դպրոցում ջեռուցման խնդիր չկա, աշակերտների մեծ թվով բացակայությունները սկսվել են մոտ փետրվարի 7-ից, երբ այլ դպրոցներում գրիպի դեպքերի վերաբերյալ լուրեր տարածվեցին։ 

«Առայժմ բացակաները բժշկական թուղթ չեն ներկայացրել, այդ պատճառով անհարգելի բացակա ենք նշանակել։ Դասապրոցեսը, իհարկե, տուժում  է, բայց դադարեցնել չենք կարող», - ասաց Արմինե Գրիգորյանը։

Տնօրենը նշեց նաև, որ միգուցե բացակայող աշակերտների համար ուսուցիչները, այսպես ասած, շերտավոր ուսուցում կկազմակերպեն, այսինքն՝ բաց թողած դասընթացները աշակերտները կկարողանան լրացնել անհատական աշխատանքներով։