Պողոս Պողոսյանի սպանության գործով հարուցվել է վերանայման վարույթ․ ՀՀ դատական դեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

իրավական

Պողոս Պողոսյանի սպանության գործով գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա վարույթ է ընդունվել, այնուհետև հարուցվել է վերանայման վարույթ՝ նոր երևան եկած հանգամանքներով: Այս մասին 24News-ին հայտնեցին Հայաստանի դատական դեպարտամենտից։ 

Դատական նիստը տեղի կունենա Վերաքննիչ դատարանում, փետրվարի 27-ին՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գլխավորությամբ: 

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 2001-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը:

Նշենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը վերանայելու և ամբողջապես բեկանելու համար։ 

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պողոս Պողոսյանի գործով հարցաքննված Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնի ներկայացրած հայտարարությամբ պարզվել է, որ  Պողոս Պողոսյանն առերևույթ կյանքից ոչ թե անզգուշությամբ է զրկվել, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ սպանության հետևանքով: