Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ագն

Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Այս մասին ասված է  ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Երիտթուրքական կառավարության կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականցվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։

Սիրիացի ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում:

Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր   համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման  գործում։