Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետևանքների հաղթահարումը կպահանջի տասնամյակներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Գրիգոր Մուրադյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելն առաջացնելու է իրավական այնպիսի հետևանքներ, որոնց հաղթահարումը կպահանջի նույնիսկ տասնամյակներ:  Այս մասին «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

Ըստ Մուրադյանի՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու պատճառը այն է, որ ժամանակակից Սահմանադրական պետությունն իր արժեհամակարգով և ինստիտուտներով անհամատեղելի է ծայրահեղական պոպուլիզմի հետ:

«Շատերը ՍԴ-ի դեմ իրականացվող ոտնձգությունները կապում են կոնկրետ գործերի, ինչ-ինչ խնդիրների հետ: Իհարկե, դրանք նույնպես կարող են արդարացված լինել, բայց իրականում ծայրահեղական պոպուլիզմը և Սահմանադրական պետությունն անհամատեղելի են: ՍԴ-ն՝ որպես Սահմանադրության բարձրագույն պահապան, պետք է սահմանադրական արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգությունից»,- ասել է նա:

Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հեղինակների հիմնավորումներին ասել է, թե հնարավոր չէ դադարեցնել անփոփոխելի դատավորի լիազորությունները, եթե նա հրաժարական չի տալիս կամ նրա հանդեպ քրեական վարույթի շրջանակում չի իրականացվում մեղադրական դատավճիռ․

«Սահմանադրության 7-րդ գլխի հիմնական հեղինակը ես եմ: 7-րդ գլուխը շարադրելիս՝ իմ մտքով անգամ չի անցել, որ այն հնարավոր է մեկնաբանել այնպես, որ իրավական պետությունում ՍԴ ցանկացած դատավորի անփոփոխելիությունը կարող է չլինել երաշխավորված, քանի որ այդպես է կարծում, իրենց ընկալմամբ, ժողովուրդը»։

Մուրադյանի դիտարկմամբ՝ այդ կերպ խծաթարվում է Սահմանադրության կայունությունը,  քանի որ ըստ սահմանադրական փոփոխությունների՝ Սահմանադրական դատարանի 7 դատավորի լիազորություններ դադարեցվելու են, որոշակի ժամանակ Հայաստանում չի գործելու Սահմանադրական դատարանը: