ՀԾԿՀ-ն ներկայացնում է ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի ցուցանիշները  

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2019 թվականի Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշների վերլուծություն: Ներկայացված դիագրամներով արտացոլված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի զարգացման միտումները:

Այսպիսով՝

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային «IP»  հոսքերի թողունակությունը կազմել է 882 000 Մբիթ/վ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով:

Միաժամանակ, միջազգային «IP» տարանցման հոսքերի թողունակությանը զուգահեռ նվազել է այդ ծառայության սակագինը: 2019 թվականի համար 1Մբիթ/վ արագությամբ տարանցման հոսքի միջին շուկայական արժեքը կազմել է 750 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով:                              

Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 3 087 291, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7 տոկոսով:

Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը կազմել է 2 830 853, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների քանակի 9.4 տոկոս աճ:  

Ավելացել են նաև շարժական լայնաշերտ ինտերնետ  հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 2 445 149, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2 տոկոսով:

Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների թվաքանակը կազմել է 385 704, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11 տոկոսով:

Հարկ է նշել, որ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում գերակշռել են օպտիկամանրաթելային արագագործ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները, որոնց տեսակարար կշիռը նշված շուկայում 2019 թվականին կազմել է շուրջ 59 տոկոս: Ընդ որում, 2018 թվականի համեմատ այդ բաժանորդների թվաքանակն աճել է շուրջ 19 տոկոսով: