Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի․ նա չի ընդունել մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Դավիթ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Ըստ պաշտպանների հիմնավորման՝ նախաքննությունը այս գործով կատարվել է ԱԱԾ-ի կողմից, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ նախաքննությունը պաշտոնատար անձանց դեպքում իրականացնում է ՀՔԾ-ն։

Նախագահող դատավորը մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։ Դատավորը նաև նշեց, որ բոլոր դեպքերում գործի նախաքննության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է գլխավոր դատախազությունը։

Պետական մեղադրողը հրապարակեց ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքները։ Դավիթ Սանասարյանը չընդունեց մեղադրանքը։ Մյուս ամբաստանյալները՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանն ու Տարոն Ավետիսյանը, ձեռնպահ մնացին մեղադրանքի նկատմամբ դիրքորոշում հայտնելուց։