Սպիտակ տունը տվել է Ղասեմ Սոլեյմանի սպանության բացատրությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ղասեմսոլեյման

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ամերիկյան օբյեկտների և դրանց անձնակազմի վրա ավելի վաղ իրականացված հարձակումներին ի պատասխան, այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծառայողական գրանցման մեջ։

«Նախագահը նման հրաման է տվել՝ ի պատասխան Իրանի և նրա կողմից աջակցվող մարտիկների հարձակումներին, որոնք կատարվել են նախորդ ամիսների ընթացքում մերձարևելյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի նկատմամբ»,- նշել է ԱՄՆ վարչակազմը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սոլեյմանին երկրի դեսպանատների վրա հարձակումներ է նախապատրաստում:  Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: